Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ասածներն անլուրջ են, ուստի եթե որեւէ մեկն սկսի մեկնաբանել նրա ասածները, հասարակությունը նրան եւս կսկսի անլուրջ վերաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն` արձագանքելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Սահմանադրական դատարան դիմելու Պարույր Հայրիկյանի որոշմանը:

Նրա խոսքով` դա արդեն Հայրիկյանի գործն է: «Մարդը չի կարողանում կողմնորոշվել` անհաղթահարելի՞ է խոչընդոտը, թե` ոչ: Կամ անընդհատ պայմաններ է դնում իշխանությունների առջեւ, նամակ է ուղարկում Բագրատյանին, մյուսին, մյուսին: Նա այն անձնավորությունն է, որ նրա ասածներն արդեն անլուրջ են: Եթե որեւէ մեկն սկսի մեկնաբանել Հայրիկյանի ասածները, հասարակությունը կարող է այդ մարդուն եւս անլուրջ վերաբերվել»,- ասաց Վարդան Սեդրակյանը: