Եթե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առաջարկում է միասնական թեկնածուով հանդես գալ, առաջին հերթին նա պետք է հանի իր թեկնածությունը: Այս մասին փետրվարի 10-ին հայտնեց նախագահի թեկնածո Հրանտ Բագրատյանը` Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը (ֆոտոռեպորտաժ):
«Երկրորդը` մարդիկ հսկայական գումարեր են վատնել քարոզարշավի վրա, միասնական թեկնածուն պետք է փոխհատուցի այդ ծախսերը: Երրորդը` այդ միավորված թեկնածուները պետք է հայտարարեն, որ նրանք չեն շնորհավորի գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ որ նրանք ընդդիմություն են հանդիսանում: Սակայն թեկնածուներից մեկը վերջերս հայտարարեց, որ կշնորհավորի հաղթողին»,-ասաց Բագրատյանը:
«Մենք պատրաստ ենք քննարկել Հայրիկյանի առաջարկությունը, եւ մենք քննարկել ենք այն, սակայն չենք պատրաստվում դա անել ԶԼՄ-ների միջոցով` էական արդյունքի դեռ չհասած»,-ավելացրեց նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «Facebook»-ի իր էջում բաց նամակ է հղել իր մրցակիցներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին՝ կոչ անելով միավորվել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով, ինչի համար պատրաստակամություն է հայտնում հետաձգել ընտրությունները 14 օրով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի պատշաճ կարգով պատրաստվել։





























