ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ներկայացուցիչների հետ քիչ առաջ  ժամանել է Սահմանադրական դատարան (ֆոտոռեպորտաժ): Նա ներկայացնում է ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում, որը ՍԴ-ն պետք է քննի չորս օրվա ընթացքում:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ`ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: