Նախագահ ընտրվելուցս մեկ տարի անց Շիրակի մարզը կդադարի աղետի գոտի լինելուց: Այս մասին հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
«Աղետի գոտու խնդիրները միայն խոսքով չեն լուծվում: Իմ ծրագրում առանձին կետ կա` նվիրված աղետի գոտու խնդիրների լուծմանը: Իմ նախագահության առաջին իսկ տարվա ընթացքում բյուջեից 100 մլն դոլար կուղղվի ենթակառուցվածքների վերականգնմանը: «Աղետի գոտի» բառակապակցությունը կմնա միայն դասագրքերում»,-հայտարարեց թեկնածուն:
Նրա խոսքով` ժողովուրդը պետք է որոշում կայացնի եւ փետրվարի 1-ին քվեարկի խղճի մտոք` վերադարձնելու համար իր իշխանությունը. «Ոմանք արդեն անհանգստություն են ցուցաբերում, քանի որ տեսնում են, որ ժողովուրդն սկսում է կողմնորոշվել: Սա նշանակում է, որ չնայած իշխանությունների հավաստիացումներին, կկիրառվեն սպառնալքիներ եւ ճնշումներ»:





























