Երկրի նախագահը չպետք է հանգիստ քնի, եթե երկրում կա թեկուզ մեկ սոված մարդ կամ երեխա, որը դպրոց չի հաճախում կոշիկ չունենալու պատճառով: Այս մասին հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 10-ին Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` նախագահը պետք է հոգ տանի ժողովրդի մասին, քանի որ ժողովուրդը հավատում եւ ձայն է տալիս նրան. «Եթե մենք ուզում ենք ունենալ իրավական Հայաստան, պաշտպանված ընտանիք եւ դադարող արտագաղթ, մենք չպետք է տանը նստենք, այլ պետք է ակտիվ մասնակցություն ունենանք հանուն ազատության եւ արդարութան պայքարին»,-նշեց թեկնածուն:

 Նա ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ շատերն են իրեն հարցնում, թե ինչպես է կյանքի կոչելու իր սոցիալական ծրագիրը: «Բոլոր ծրագրերն իրականացվելու են ստվերային տնտեսության վերացման, բյուջետային միջոցները պետական կառույցների կողմից չվատնելու շնորհիվ»: Օրինակ, նախագահի ինչին են պետք այդքան թիկնապահները: Երբ ես անցնում էի Գյումրիի շուկայով եւ շփվում մարդկանց հետ, ինձ թիկնապահներ պետք չէին, ուստի դրանք ինչու են հարկավոր նախագահին»,-նկատեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով գործազրկության խնդրին, նա ասաց, որ հինգ տարի հետո Հայաստանում կբացվի 180 հազար աշխատատեղ: «Պետությունը չպետք է ճնշի բիզնեսը, ինչպես անում է ստոմատոլոգների պարագայում: Իմ նախագահության ավարտին 600 հազ. քաղաքացի կհատեն աղքատության սահմանն ու կդառնան միջին խավի ներկայացուցիչներ»: