ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ փաստաբան Լեւոն Բաղդասրյանն, այսօր` փետրվարի 11-ին ժամը 12.25-ին Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել`  հետ վերցնելով նախորդ օրը` փետրվարի 10-ին ներկայացված դիմումը, որը վերաբերում էր ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Նա նշեց, որ դիմումում որեւէ բացատրություն չկա, այնտեղ միայն նշված է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` հետ են վերցնում իրենց երեկվա դիմումը:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանն այլեւս փոշմանելու ժամանակ չունի, քանի որ դեպքից հետո ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում է կարող է ներկայացնել 8 օրվա ընթացքում:

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Նա նշել էր, որ նոր դիմում է ներկայացրել եւ հետ է վերցնում ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ երեկ` փետրվարի 10-ին ներկայացրած դիմումը: 

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ`ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել: Իսկ երեկ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ: Նա նշել էր, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am