Պոլահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարական զավեշտները շարունակվում են: Փետրվարի 8-ին սկսված հերթական 12-րդ դատալսումը եւս հետաձգվել է, քանի որ դատարան չի բերվել գործով գաղտնի վկան: Դատավորի հայտարությամբ՝ ոստիկանությունը մոռացել էր դատական սրահ բերել գաղտնի վկային:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` ոստիկանները մոռացել էին ոչ միայն գաղտնի վկային, այլ նաեւ թարգմանչին: Արդեն քանի անգամ նման բացթողումների պատճառով հետաձգված դատական լսումների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում: Տվյալ պարագայում Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք վկային դատարան բերելու հրահանգ չեն ստացել:
Գաղտնի վկայի ներկայության պայմաններում դատարանը լուրջ տեղաշարժ կգրանցեր, քանի որ վերջինս հայտարարել էր, որ դեպքի պահին եղել է այնտեղ եւ տեսել է, որ Հրանտ Դինքի սպանողը մենակ չի եղել եւ այլ մանրամասներ: Նաեւ հայտնի է դարձել, որ գաղտնի վկան հայ է:
Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի նախագահ Էրքան Չանաքը հայտնել է, որ բացի այն, որ գաղտնի վկային մոռացել են բերել դատարան, նաեւ մոռացել են թարգմանիչ գտնել, քանի որ վկան թուրքերենին լավ չի տիրապետում: Իսկ դատալսման ժամանակահատվածում չեն կարողացել թագմանիչ գտնել: Չանաքը խոստացել է, որ հաջորդ դատալսմանը անպայման ներկա կլինի թե գաղտնի վկան, թե թարգմանիչը:




























