Պենտագոնը պաշտոնապես ընդլայնել է զինվորական ծառայություն անցնող նույնասեռականներին եւ նրանց զույգերին հատկացվող սոցիալական արտոնությունների ցանկը, հայտնել  է պաշտպանության նախարար  Լեոն Պանետան:

Նոր կանոնների համաձայն՝ նույնասեռական հարաբերություններ ունեցող զինծառայողների զուգընկերները կունենան անցաթղթեր, կրթական ծրագրերից օգտվելու հնարավորություն, զինվորական հոսպիտալ այցելելու իրավունք: Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զինվորի մահվան դեպքում նրա զուգընկերոջը ֆինանսական օգնություն կտրամադրվի, հայտնում է Agence France-Presse-ը:

Պանետան, սակայն, նշել է, որ այս պահին իրավական խոչընդոտները թույլ չեն տալիս զույգերին ապահովել բժշկական ապահովագրությամբ եւ կենսաթոշակով, քանի որ դաշնային մակարդակով նույնասեռական ամուսնությունները ճանաչված չեն: Այժմ ուսումնասիրվում է, թե ինչ եղանակով է հնարավոր նույնասեռական զույգերին ռազմակայանի տարածքում բնակարան տրամադրել՝ առանց օրենքը խախտելու:

AFP-ի տվյալներով, որոնց վրա էլ հիմնվում է lenta.ru-ն, ԱՄՆ-ի բանակում նույնասեռական զույգերի թիվը 17 հազար է: