Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի արվել: Այս մասին նա ասաց փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր մամուլն ինչ որ մի բան գրում է, հետո մեզ ասում կարող ե՞ք մեկնաբանել: Հիմա, ես ձեր գրածն ինչպես մեկնաբանեմ: Եթե կոնկրետ առաջարկին է վերաբերում, նման առաջարկ չի եղել: Եվ մի քիչ դա էլ դժվար եմ պատկերացնում, թե օմբուդսմենը ինչու պետք է իր ժամկետը չլրացած գնա եւ գլխավոր դատախազ դառնա: Դա ինչ-որ տեղ բոլոր նախորդ արածների վրա ստվեր է գցում»,-ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի ամիս առաջ էլ մամուլը գրել էր իրեն արդարադատության նախարարի պաշտոնը առաջարկելու մասին:
Հարցին, որ եթե այնուամենայնիվ, նման առաջարկ լինի, ինքը կընդունի՞, օմբուդսմենը կրկնեց, որ դա ստվեր կգցի իր կատարած աշխատանքների վրա՝ ընդգծելով, որ չի էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ:




























