Գահից հրաժարվելու մտադրություն հայտնած Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, մոտ երեք ամիս առաջ սրտի վիրահատություն է տարել: il Sole 24 Ore թերթի տվյալներով` պոնտիֆիկին խիստ գաղտնի պայմաններում վիրահատել են հռոմեական Պիա XI  հիվանդանոցում:

Իտալացի հայտնի վիրաբույժ Լուիջի Կյարիելոն հաջողությամբ փոխել է Բենեդիկտոս XVI-ի սրտի ստիմուլյատորը: Առաջինը տեղադրվել է ավելի քան տասը տարի առաջ` դեռ մինչեւ Ջոզեֆ Ռացինգերի Պապ դառնալը, հաղորդել է ՆՏՎ-ն:

85-ամյա Բենեդիկտոս XVI-ը փետրվարի 11-ին անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին` դա բացատրելով, որ արդեն ծեր է եւ ուժասպառ: Դրանից հետո մի քանի բժիշկներ ենթադրել են, որ պոնտիֆիկը տառապում է սրտի քրոնիկ հիվանդությունով` դա այդ տարիքում տարածված տկարություն է:

Վերջին ժամանակներս դիտորդները նկատել են, որ Հռոմի Պապն զգալիորեն տկար է դարձել: Նա հաճախակի եւ դժվարությամբ է շնչում, քայլում է գավազանով, իսկ սուրբ Պողոս եկեղեցում տեղաշարժվում է հատուկ հարթակում: