Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քիմ Լիթոնը ծննդաբերել է հենց փողոցում, ավելին, նա հայտնվել է այդ տարածքը հսկող տեսախցիկների օբյեկտիվում, հաղորդում է Daily Mail-ը:

Բուքինգհեմշիր կոմսության 25-ամյա բնակչուհու ցավերը բռնել են Eden առեւտրային կենտրոնի դիմաց` ծննդատան գնալու ճանապարհին: Բարեբախտաբար, կինը մենակ չի եղել, նրան ուղեկցել է 54-ամյա մայրը:

Ծննդաբերությանն օգնել են առեւտրային կենտրոնի անվտանգության աշխատակիցները, նրանք այդ ամենը տեսել են անվտանգության տեսախցիկներով եւ անմիջապես ծածկոց տարել կնոջը: Ամեն ինչ տեղի է ունեցել Քիմի 4-ամյա որդու աչքի առջեւ, հաղորդում է Vesti.ru-ն:

Փողոցում ծնված դստերը մայրը անվանակոչել է Լին Էդեն, քանի որ ծննդաբերել է Էդեն առեւտրային կենտրոնի դիմաց:

Քիմը ժպիտով նշել է, որ սրանից հետո ստիպված չի լինի իր երեխաներին բացատրել, թե որտեղից են երեխաները ծնվում, նա պարզապես ցույց կտա անվտանգության տեսախցիկների նկարած տեսանյութը: