Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Հարավային Ամերիկա հետաձգվել է: Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ «ելնելով տարածաշրջանի եւ Հայաստանի քաղաքական զարգացումներից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել իր առաջին պաշտոնական այցը Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա եւ Չիլի, որը նախատեսված էր հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 7-ը»:

Ենթադրվում է, որ այցը կարող է իրականանալ մինչեւ այս տարվա վերջը: Նշենք, որ համայնքային շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի սպասվող այցը որոշ հետաքրքրություն էր առաջացրել` նկատի ունենալով Ղարաբաղի հարցով եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունները: