Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 03:00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի Տ 2995 համարանիշի ավտոմեքենան, Սանահին-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը: Մեքենան վարել է Ալավերդի քաղաքի  բնակիչ, 58-ամյա Դավիթ Կոնինյանը:

Վթարի հետեւանքով վարորդին ու ուղեւոր՝ 50 ամյա Վարուժան Կոնինյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ Ալավերդիի Հրշեջ փրկարարների օգնությամբ:

Վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են Ալավերդիի բժշկական կենտրոն: Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են  ծայրահեղ ծանր, իսկ Վ. Կոնինյանինը՝ ծանր:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Այժմ ժամանել է նաեւ վերամբարձ կռունկը՝ մեքենան ձորից դուրս բերելու համար:

Լուսանկարը՝  Էդվարդ Արզումանյանի /NEWS.am