Միխխայիլ Պրոխորովի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունն առաջարկել է կամպուսներ ստեղծել Ռուսաստան աշխատելու մեկնած ներգաղթյալների համար: Նման առաջարկ է ներառում կուսակցության կողմից մշակվող ազգային դոկտրինը: Դաշնային կոմիտեի անդամ Ռիֆաթ Շայխուտդինովը պատմել է, որ կամպուսները խոշոր քաղաքներին մոտ տեղակայված ճամբարներ կլինեն:

Այդ ճամբարներում աշխատանքային ներգաղթյալները բժշկական հետազոտություն կանցնեն, իսկ պատկան մարմիններն էլ կստուգեն այս կամ այն ընկերության հետ նրանց ունեցած պայմանագրի առկայությունը: Շայխուտդինովը հստակեցրել է, որ ստուգման համար մի քանի օր կպահանջվի: Հիվանդներին եւ պայմանագիր չունեցողներին առաջարկվում է անմիջապես արտաքսել երկրից:

«Եթե մեր սահմանները բաց են, ուրեմն պետք է վերահսկենք ներգաղթային հոսքերը»,- «Իզվեստիային» բացատրել է Շայխուտդինովը:

Նմանատիպ «զտող» ճամբարների ստեղծման մասին 2012-ի հոկտեմբերին խոսել էր նաեւ ՌԼԴԿ-ն: Այն ժամանակ խոսում էին այն մասին, որ ներգաղթյալներն այնտեղ մշտական հիմունքով կաշխատեն:

2012-թ. հոկտեմբերին Ռուսաստանում ներգաղթյալների թիվը   3,5 մլն մարդ էր կազմում: Ամեն տարի Ռուսաստան է մեկնում մինչեւ 12 մլն արտասահմանցի, որոնցից 70-80 տոկոսը ԱՊՀ երկրներից են: