Անդրիաս Ղուկասյանի պայքարն ուղղված է Հայաստանի ներքին խնդիրները լուծելուն եւ իր մեջ չի նախատեսում դրսի ուժերի` ի դեմս երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների միջամտություն: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գրասենյակի համակարգող Արմեն Գրիգորյանը` նշելով, որ այս օրերի ընթացքում` բացի քաղաքական գործիչներից, Անդրիաս Ղուկասյանին այցելել է նաեւ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` ընտրություններից հետո ամփոփվելու են քաղաքացիների կողմից հնչած  առաջարկությունները եւ մշակվելու է հետագա գործողությունների ռազմավարությունը: «Անդրիաս Ղուկասյանը, միանշանակ, մտադիր չէ լքել Հայաստանի քաղաքական դաշտն ու  կշարունակի իր պայքարը»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ղուկասյանը կուսակցություն ստեղծի, Գրիգորյանը բացառել է դա` նշելով. «Կուսակցությունները խոչընդոտում են առաջնորդների աշխատանքներին, իսկ առաջնորդը պետք է ազատ լինի իր գործողություններում: Հայաստանում կուսակցությունները ճգնաժամի մեջ են եւ իմաստ չկա նորը բացելու: Ղուկասյանը միայնակ կարողացավ բարձրացնել շինծու ընտրությունների հարցը` դա պահելով երկրի քաղաքական օրակարգում»,- ասել է Գրիգորյանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գտնվող միջազգային դիտորդները չեն այցելել հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: