Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը իշխանության դրածոներ են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, «Մեդիակենտրոնի» հյուրասրահում ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը՝ շեշտելով, որ Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրեր իր թեկնածությունը, այդ մարդիկ չէին լինի:

Նա նշեց, որ հունվարի 21-ից սկսած պրոցեսը կարելի է անվանել ամեն կերպ, բայց ոչ ազատ, անկախ քարոզարշավ:  Նախագահի թեկնածուն բողոքեց, որ մի քանի հեռուստաընկերություններ իրեն չեն հրավիրել եւ դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ ինքը վտանգ է  ներկայացնում իշխանությանը,  այլեւ իր վարկանիշը բարձր է: «Կա հստակ հրահանգ, որով առանձնանում էին նախագահը եւ նրա արբանյակ երեք թեկնածուները: Հրահանգը լրատվամիջոցները շատ արագ հասկացան եւ ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա:

Անկախ ընտրության արդյունքներից, եթե նույնիսկ ինքն ընտրվի, Վարդան Սեդրակյանը չի ճանաչելու ընտրությունները եւ չի ստորագրելու ամփոփիչ արձանագրության տակ: Նախագահ դառնալու դեպքում իր առաջին  գործը ԱԺ-ն լուծարելն  ու նոր նախագահական ընտրություններ նշանակելն է լինելու:

Նախագահի թեկնածուն հիշեցրեց, որ իր թեկնածությունը առաջադրելու որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ընդունեց իշխանության խաղը, հասկացավ, որ Հայաստանում չկա մի ուժ, որը կպայքարի արդարության համար: Նա նշեց, որ էական տարբերություն չի դնում Հայաստանի երեք նախագահների միջեւ, երեքն էլ անարդար են, երեքն էլ հավասարապես մեղավոր այսօրվա իրավիճակի համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am