Ես շատ ժամանակ եմ կորցրել մահափորձի պատճառով, եւ Աշտարակը առաջին տեղն է Երեւանից դուրս , ուր ես այցելել եմ: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ընտրազանգվածի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը: Այն, որ հրեշտակները փրկել են իմ կյանքը` նշանակում է, որ մենք միասին շատ գործեր ունենք անելու: Բոլոր այն նպատակները, որոնցով ես ղեկավարվում եմ, հաճելի են Աստծուն: Դուք գիտեք իմ հիմնական նպատակը: Եթե մյուսներն ինչ-որ բան խոստանում են, ապա ինձ համար կարեւոր է, որ դուք արժանին ստանաք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ինչ-որ բան տամ: Միակ բանը, որ պետք է անեմ` դա ձեզ չխանգարելն է: Սա հենց ինքնորոշման սկզբունքն է: Ես այսպես եմ սկսել եւ այսպես էլ կշարունակեմ: Ի տարբերություն այլ թեկնածուների` ես չեմ ասում, որ հինգ տարի հետո մենք լավ երկիր կունենանք: Ես ասում եմ, որ մեկ ամիս անց դուք ձեր երկրի եւ ճակատագրի տերը կլինեք: Եւ ընդամենը երկու տարի հետո բարեփոխված երկիր կունենաք»,- ասել է Հայրիկյանը:




























