Ընտրություններում հաղթողին շնորհավորելը քաղաքական մշակույթի մաս է, ինչին Հայաստանը դեռ պետք է հասնի: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանչի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Եթե կան մարդիկ, ովքեր նախապես հրաժարվում են շնորհավորել ընտրություններում հաղթողին, ես ի՞նչ կարող եմ ասել: Եթե իմ հարսանիքն է, իմ հարազատները եւ ընկերները պետք է իրենք ինձ շնորհավորեն, այդպես չէ՞: Ես ոչ ոքի չեմ խնդրի, որ ինձ շնորհավորեն: Եթե նրանց ընտրեն, ապա մենք նրանց կշնորհավորենք: Բայց եթե նրանք կարծում են, որ հաղթողին շնորհավորելն իրենց պատվից ցածր է, թող այդպես լինի: Բնութագրական է Միթ Ռոմնիի օրինակը, ով պարտվելով ընտրություններում Բարաք Օբամային, հայտարարեց ամերիկացիներին. «Ես ուզում էի ձեզ տանել այլ ճանապարհով, բայց դուք ընտրեցիք Օբամային եւ ես աղոթում եմ Աստծուն մեր նախագահի համար»:  Ահա մոտեցումը: Բայց ես հույս ունեմ, որ մենք կհասնենք այդ քաղաքական մշակույթին եւ այն, ինչին նրանք հասել են 250 տարում, մենք կհասնենք եթե ոչ 25, ապա 30-40 տարում»,-ասել է Սերժ Սարգսյանը: