Հայաստանի քաղաքացիները պետք է ուղիղ ժողովրդավարության լծակների իրավունք ունենան` անկախ գործող իշխանությունից:  Այս մասին փետրվարի 13-ին Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Համապատասխան թվով ստորագրությունների դեպքում հնարավոր կլինի այս կամ այն հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել,  սակայն միակ պայմանը պետք է լինի այն, որ բարձրացված հարցը չպետք է հակասահմանադրական լինի»,-նշեց թեկնածուն:

Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնք կիրականացվեն առավելագույնը 2 տարվա ընթացքում, խորհրդարանն ազատ կարձակվի: «Հայաստանի Ազգային ժողովը պետք է լինի աշխարհի ամենաներկայացուցչական օրենսդիր մարմինը: Խորհրդարանական ընտորություններից հետո ես, որպես նախագահ, նույնպես կհրաժարվեմ պաշտոնից, կմնան միայն վարչապետի եւ փոխվարչապետի պաշտոնները,  եւ մենք կունենանք բյուրոկրատիայից զերծ պետություն»,-հայտարարեց Հայրիկյանը: Նրա համոզմամբ` երկրում անհրաժեշտ է այնպիսի պայմաններ ստեղծել,  որպեսզի մարդիկ դառնան իրավիճակի տերը: