«Ժառանգությունը» որպես հերթական ահազանգ օրվա իշխանության համար, վերստին ափսոսանքով փաստում է, որ հատկապես կուսակցության կորիզը կազմող պատգամավորների եւ, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված իշխանական «խաչակրաց արշավանքը» հասել է իր գագաթնակետին՝ ընդհուպ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության գործունեության դադարեցման պահանջին",- ասված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների՝ «Ժառանգության» երիտասարդների, պատգամավորների եւ ՀԿ-ների նախաձեռնությամբ անցկացված բողոքի գործողությունների մասնակիցների ազատ տեղաշարժը Երեւանի կենտրոնում ոստիկանների կողմից ապօրինի խոչընդոտելը, պաստառների պատառոտելը ու առգրավելը եւ դրանց՝ իբրեւ հանցագործության վերաբերյալ տրված հաղորդագրությունների, համապատասխան ընթացք չտալը, ավելին՝ ԶԼՄ-ներից մեկում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումները եւ պատգամավորի կողմից քրեական գործ հարուցելու պահանջի պարբերական փաստացի մերժումը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին ու Զարուհի Փոստանջյանին ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ գործուղված ԱԺ պատվիրակությունների կազմերում միտումնավոր չընդգրկելը եւ «Ժառանգության» դեմ համանման բազմաթիվ այլ իշխանաբուխ դրսեւորումները «Ժառանգությունը» միարժեքորեն գնահատում է որպես ոչ միայն կուսակցության, այլեւ նրա հարյուր հազարավոր ընտրողների ու համակիրների իրավունքների ու ազատությունների սահմանափակման եւ ճնշման հերթական ցինիկ, անթաքույց, բայցեւ ապարդյուն փորձեր",- ասված է հայտարարության մեջ:
«Մենք մերժում ենք „Մարտի 1“-ի էջը փակված լինելու մասին հայտարարող եւ այդպիսին տեսնել փափագող խմբիշխանության նման գործելաոճը, որն ըստ էության կոալիցիա է կազմել անհանդուրժողականության, կոռուպցիայի եւ ահաբեկումների հետ:
Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ „Ժառանգությունը“ կրկին բարձրաձայնում եւ վստահեցնում է բոլոր իր ընտրողներին, համակիրներին ու աշխարհասփյուռ հայությանը, որ հետեւողականորեն շարունակելու է քաղաքական, հասարակական եւ իրավական պայքարն ընդդեմ հայ-թուրքական կեղծավոր արձանագրությունների, „Մադրիդյան սկզբունքների“, Հայաստանում տիրող ամենաթողության ու կոռուպցիայի, ինչպես նաեւ հանուն մեր երկրում իրական ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ի շահ հաջորդ սերունդների Հայրենիքի՝ ԱԶԱՏ եւ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ»,- նշված է հայտարարության մեջ:




























