Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը:

Նրա խոսքով` մարզեր կատարած երկար այցելությունները վատ են անդրադարձել Հայրիկյանի առողջական վիճակի վրա, մոտակա ժամերին նրան երեք օրով կտեղափոխեն հիվանդանոց` համապատասխան բուժումներ ստանալու համար: Այցելությունը Լոռիի մարզ, որը նախատեսված էր այսօր,  հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել:

Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի  11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից: