Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններում ընտրողների 62% մասնակցություն է սպասվում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

 «Օրենքն արգելում է այս օրերին նախագահի թեկնածուների վարկանիշները հրապարակելը: Սակայն կընդգծեմ, որ երկու տեսակի թեկնածուներ կան. մի մասին ընտրում են, մյուս մասը փորձում է ընտրվել», - նշել է սոցիոլոգը:

Ամփոփելով փետրվարի 8-10-ն անցկացրած եզրափակիչ հարցման արդյունքները՝ մասնագետը հատկապես երեք հիմնական կետ է առանձնացրել՝ ընտրողների ակտիվության, վստահ որոշում կայացրած ընտրողների եւ տատանվող ընտրողների պատկերը: Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա այստեղ հետեւյալ պատկերն է.  56%-ը հաստատ կքվեարկի,  5%-ը՝ հավանաբար, 4%-ը որոշում չի կայացրել, 35%-ը հաստատ չի քվեարկի: 

Երկրորդ կետի դեպքում. 32,5%-ը վստահ կողմնորոշված է թեկնածուի հարցում, 5%-ը՝ հավանաբար, 14,6%-ը թաքցնում է, թե ում է  ձայն տալու, 14,4 %-ը չի կողմնորոշվում: Ամփոփելով արդյունքները՝ պարզ է դառնում, որ այս փուլում քվեարկության մտադրություն ունեցող պատասխանողների 52%-ը կողմնորոշված է թեկնածուի հարցում:

Տատանվող ընտրողների դեպքում պատկերը հետեւյալն է. 2,1 %-ը բողոքում է ժամանակի անբավարարությունից, 1,8%-ը համոզիչ քարոզչության կարիք ունի, 0,9%-ը քվեարկության կգնա լավ եղանակի դեպքում, 0,8 % -ը տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունի, 2,6%-ը կքվեարկի իր խնդրին լուծում տալուց հետո, 0,7 %-ը նյութական շահ է հետապնդում, 3,3 %-ը նյութական շահ չի հետապնդում: