ՀԱԿ դաշինքի անդամ «Կանաչների միությունը» չի պատրաստվում անդամակցելու ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
Նա նշեց, որ ցանկալի կլինի, որ ՀԱԿ դաշինքը պահպանվի:«Դաշինքը կա, դաշինքը չի լուծարվում, դա պառլամենտական դաշինք է, այլ բան, որ այն կարող է ակտիվ գործել կամ չգործել«,- նշեց նա` հավելելով, որ դաշինքի վերաբերյալ քննարկումները կլինի կուսակցության հիմնադիր համագումարից հետո:
Արմենակ Դովլաթյանը եւս համաձայն չէ նորաստեղծ կուսակցությունը ՀԱԿ անվանելու հետ: Նա չի կարծում, որ դաշինքի անունը գողացել են, քանի որ այդ անվանման հեղինակային իրավունքը Լեւոն Տեր-Պետրոսյանին է, նա կարող է իրեն թույլ տալ այդ անունը օգտագործել, բայց քանի որ այդ անունը ընդհանուր է եղել, կարող են որոշակի հակասություններ առաջանալ: Ի դեպ, կուսակցության ստեղծումը Արմենակ Դովլաթյանի համար համար անակնկալ չէր:
Նշենք, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: ասել էր, թե 2008թ օգոստոսի 1-ի հայտնի հանրահավաքում ստորագրվել է հռչակագիր Հայ ազգային կոնգրես անվանումով, անվան հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, բայց դրա տակ ստորագրել են 18 քաղաքական միավորներ եւ նախաձեռնություններ: «Անվանումը վերցրել են, մեր տեսակետը չեն հարցրել, դա, մեղմ ասած, ոչ ազնիվ քայլ է»,- ասել է նա»




























