Քարոզարշավի 25 օրերին Հայաստանն զգալի փոխվել է, թեեւ ընտրապայքարը հավասար պայմաններում  չի ընթանում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 15-ի մամուլի ասուլիսում նշել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ մեկ ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է ժողովրդի մեջ սեփական ուժերի հանդեպ հավատ արթնացնել.  «Հայ ժողովուրդը որոշում է կայացրել եւ ընտրությունների կգնա՝ գիտակցելով, որ սա ոչ թե Սերժի եւ Րաֆֆու պայքարն է, ոչ թե միջկուսակցական պայքար է, այլ պայքար՝ քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար:  Միաժամանակ, Հովհաննիսյանը նաեւ նկատել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ գրանցվել էին մի շարք խախտումներ, որոնց մասին տեղեկացրել են ԿԸՀ-ին եւ եվրոպական դիտորդներին»:

Հովհաննիսյանը նախագահի թեկնածու, գործող ղեկավար Սերժ Սարգսյանին նաեւ կոչ է արել չօգտագործել  վարչական ռեսուրսները եւ ժողովրդին հանգիստ թողնել, որպեսզի վերջինս կարողանա հանգիստ եւ անկաշկանդ քվեարկել: «Սերժ Սարգսյանը մյուս քաղաքական գործիչներից տարբերվում է նրանով, որ կարողանում է լսել, ընդունել իր սխալները եւ սովորել, այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որպեսզի նա դադարեցնի օգտագործել վարչական ռեսուրսները: Եթե նա լսի, ապա այս ընտրությունները կդառնան երաշխիքն այն բանի, որ հայ ժողովուրդը սահմանադրական երկիր կունենա»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am