Միջազգային Ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի` ICES-ի առաքելության ներկայացուցիչներն ավարտել են նախագահի թեկնածուների եւ պետական գործիչների հետ հանդիպումների շարքը: Փետրվարի 15-ին նրանք` ICES-ի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ, հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ICES-ից, հանդիպմանն արծարծվել են նախագահական առաջիկա ընտրություններին, նաեւ միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր, նաեւ արտաքին իրավիճակի ազդեցությունը Հայաստանում նախընտրական իրավիճակի վրա:
Առաքելության անդամներն ու Հայաստանի ԱԳ նախարարը նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համեմատական վերլուծություն են կատարել: Առաքելության մասնակիցները նշել են առաջընթացը ընտրական համակարգում, մասնավորապես 2011թ. ընդունված Ընտրական օրենսգրքի դրույթների ընդունումից հետո:




























