Այն, ինչ որ ես ասել եմ իր մասին, ինքը կարող է ընդունել զուտ որպես անձնական վիրավորանք, որովհետեւ Հայաստանի Քրեական օրենսգրքով Ամերիկայում գործող մասոնական կազմակերպության մեջ լինելը չի պատժվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` մասոնական կազմակերպության անդամ չլինելու մասին հայտարարարություններին: 

«Ինքը չի դիմում դատարան այն պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանի քրեական օրենսգրքում մասոնության հետ կապված որեւէ հոդված գոյություն չունի: Դատախազությունը ինձ չի կարող որեւէ մեղադրանք առաջադրել, իսկ եթե ասեի, որ ինքը մարդասպան է, թմրանյութերի կամ զենքի առեւտրով է զբաղվում, ինքը կարող էր դիմել, դա լուրջ քրեական հոդված է»,- նշեց նա:

Վարդան Սեդրակյանը նշեց, որ հայտարարություն անելիս ասել է, որ պատրաստ  է լսել Րաֆֆի Հովհաննիսյանին, բանավեճի նստել իր հետ, նույնիսկ երեք անգամ բանավեճի հրավեր է արել, սակայն վերջինս նրա հետ հեռակա է խոսում` լրատվամիջոցների միջոցով:

Վարդան Սեդրակյանը նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին Հայրիկյանի մահափորձի մեջ չի մեղադրել, եւ ասել է, որ դա կազմակերպել է մասոնական կառույցը, կարող է ինքը տեղյակ չլինի, բայց այդ կազմակերպությունը իր խնդիրները ունի: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին կոնկրետ նման  մեղադրանքներ ներկայացնեի, վաղուց, առանց Րաֆֆի Հովհաննիսյանի էլ, ազգային անվտանգության ծառայություններում ինձ կհրավիրեն ցուցմունք տալու համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը, նա նշեց, որ հանդիպումների նախաձեռնություները եղել է «Ժառանգություն» կուսակցությունից, իսկ ինքը նրան երբեւիցե էպոսի որեւէ հերոսի հետ չի կապել, ինչպես հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդը: «Ձեզ թվում է` ես Երեւանում պարապ ման եմ գալիս, մտնում եմ կուսակցություններ եւ կուսակցությունների առաջնորդներին որեւէ հերոսի՞ եմ նմանեցնում»,- նշեց նա: Դրանից բացի` Վարդան Սեդրակյանը նաեւ «բացահայտեց», որ Անահիտ Բախշյանը իրեն առաջարկում էր մտնել «Ժառանգություն» կուսակցության մեջ, սակայն ինքը չի համաձայնել: «Ես իրեն երբեւիցե որեւէ հերոսի հետ չեմ կապել: Թող գա բանավեճի, ես մանրամասն պատմեմ, թե ով է ում հրավիրել, առաջարկել մտնել «Ժառանգության» մեջ: Թող գա նստենք, խոսենք, ասենք, ովքեր են եղել այդ հանդիպմանը ինձնից եւ իրենից բացի»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է մերժել կուսակցական դառնալու առաջարկը, նա նշեց, որ ինքը երբեւէ կուսակցության անդամ չի եղել, եթե ցանկանար որեւէ կուսակցական անդամ դառնալ, միշտ էլ եղել է հնարավորություն, բայց ինքը բնույթով կուսակցական չէ. «Ոչ թե «ժառանգությունը» վատ կուսակցություն է, այլ ընդհանրապես, ես երբեք չեմ եղել որեւէ կուսակցական անդամ եւ ինձ բավականին լավ եմ զգում»,- ասաց նախագահի թեկնածուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am