«Արմավիա» ավիաընկերությունը մտադիր չէ մեկնաբանել այն հրապարակումները, համաձայն որոնց ՎՏԲ բանկը իրեն եւ «Mika Limited»-ին 22 մլն դոլարի հայցեր էր ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Արմավիայի» մամուլի ծառայությունից: Ըստ ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի՝ տվյալ հրապարակումը չմեկնաբանելու ցանկությունը կապված է «տեղեկատվության մեջ առկա խեղաթյուրված փաստերի հետ»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ըստ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակման, եթե «Արմավիան» սնանկանա, ռուսական բանկը նրանից կստանա պարտքի ոչ թե 100%-ը, այլ միայն 1/5-ը: Ըստ թերթի տեղեկության՝ ՎՏԲ բանկը հայ ձեռնարկատեր Միքայել Բաղդասարովին պատկանող «Արմավիային» եւ «Mika Limited»-ին (ընկերությունը գրանցված է Ջերսի կղզում) 22 միլիոն դոլարի հայցեր է ներկայացրել:
Պետբանկը փորձում է վերադարձնել այն փողերը, որոնք նա հատկացրել էր «Արմավիային» «Sukhoi Superjet-100» (SSJ-100) ինքնաթիռը գնելու համար: Իրավաբանները կարծում են, որ ՎՏԲ-ն «Արմավիայի» հետ վեճում հաղթելու լավ հնարավորություններ ունի, ընդ որում՝ դատավարությունը Ջերսիում սկզբից էլ դատապարտված է տապալման:



























