«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի ցանկանում անդրադառնալ կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանի հայտարարություններին: «Ես այդ հիմարությանը պատասխանելու բան չունեմ, լրատվականը կպատասխանի: Դրանք ով են, որ ես իրենց պատասխանեմ»,- նշեց նա` հավելելով, որ կուսակցության լրատվական ծառայությունը պատրաստվում է փաստաթղթերով պատասխանել այդ «կեղծիքին եւ ստին»:

Պետրոս Մակեյանը միայն նշեց, որ կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գեւորգյանը ստորագրել են եւ տարածքի վարձակալության փաստաթուղթը, եւ ֆինանսական հաշվետվությունը, եւ բյուջեները, այդտեղ իր ստորագրությունները չկան, որովհետեւ ինքը գտնվել է անազատության մեջ: «Հիմա փաստաթղթերը կհրապարակենք կիմանան, թե այդ մարդն ինչ բարոյական արժեքների մարդ է, եւ Մակեյանին մրոտելու պատվեր տվողները չեն հասկանում, որ այդ բոլորը փաստաթղթերով կա: Իրեն ասում են հիմար-հիմար խոսի, ինքն էլ խոսում է»,- նշեց նա:

Նշենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում է 21 միլիոն դրամի յուրացման մեջ, նշելով, որ Մակեյանի պատճառով կորցրել են կուսակցության տարածքները :Վերջինս պատմել է, որ վեց ամիս առաջ կուսակցությունը զրկվել է գրասենյակից դատարանի որոշմամբ: 

Հիշեցնենք, որ վերջերս Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հեռացվել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից, իսկ դրանից առաջ նրանք մի շարք հայտարարություններ էին տարածել Պետրոս Մակեյանի մասին: