Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռք առնել Կիպրոսյան խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, եվրոպացի խորհրդարանականները ընդգծել են, որ Թուրքիայի կառավարությունը պետք է բանակցություններում «ընդունելի մթնոլորտ» ստեղծի` Կիպրոսի հյուսիսային մասից իր զորքերը անհապաղ դուրս բերելու ճանապարհով:

Բանաձեւում, որը գնահատում է Անկարայի կողմից ԵՄ անդամակցության համար պարտավորությունների կատարումը, նաեւ կոչ է արվում ձեռնամուխ լինել կղզու թուրք վերաբնակիչների խնդրի լուծմանը եւ ապահովել ներկայումս մեկուսացած եւ անբնակ դարձած Ֆամագուստա քաղաքն իր օրինական տերերին վերադարձնելը` համաձայն 1984 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 550 բանաձեւի:

Եվրախորհրդարանականները ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան արդեն 4-րդ տարին է հրաժարվում է հետեւել ԵՄ-ի հետ մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության դրույթներին, ըստ որոնց նա համաձայնել է բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները ԵՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Կիպրոսի Հանրապետության համար:

Բանաձեւում ընդգծվում է, որ այդ արձանագրության պայմաններն ամբողջ ծավալով չկատարելը «կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցություններում»: Այդ բանաձեւի քննարկումների ժամանակ Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ լրացուցիչ արձանագրության կյանքի կոչումը շարունակում է պայման մնալ ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակման համար: «Եթե այդ հարցում առաջընթաց չլինի, բանակցությունների նոր էջեր չեն բացվի»,- ընդգծել է նա: