Մերձմոսկվայում ցեմենտի տակառում հայտնաբերել են Լիպեցկի սպանված պատգամավոր Միխայիլ Պախոմովի մարմինը:

Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ  փետրվարի 17-ի երեկոյան օպերատիվ որոնողական գործողության ժամանակ օպերատիվ աշխատակիցները եւ քննիչները Մոսկվայի մարզի Նոգինսկի շրջանի Էլեկտրաուգլի քաղաքի բնակչի ավտոտնակում տղամարդու մարմնի մասերով ցեմենտի տակառ են հայտնաբերել: Ոստիկանությունն արդեն պարզել է ավտոտնակի տիրոջ ինքնությունը:

Լիպեցկի Քաղաքային խորհրդի պատգամավոր Միխայիլ Պախոմովն առեւանգվել էր փետրվարի 12-ին: Նախօրեին ՆԳՆ-ի մամուլի կենտրոնը հայտնել էր, որ  ՌԴ ՆԳՆ ՔԿԳՎ-ի աշխատակիցները Լիպեցկի օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ հաստատել էին, որ  Լիպեցկի Քաղաքային խորհրդի պատգամավոր Միխայիլ Պախոմովն սպանված է եւ հայտնի է նրա մարմնի գտնվելու վայրը: 

«Լիպեցկիե նովոստի» կայքի հաղորդմամբ` մի քանի քաղաքացիներ տեսել էին, որ պատգամավորի նման մի մարդու մեքենա են նստեցրել: Հետագայում դեպքի վայրում հայտնաբերել էին Պախոմովի ջինսը եւ հեռախոս: Փետրվարի 15-ին ոստիկանները կանգնեցրել էին Hyundai Accent մեքենան, որտեղ հայտնաբերել էին Պախոմովի անձնական իրերով եւ նրա երկու անձնագրերով (ռուսական եւ արտասահմանյան) պայուսակ:

Փետրվարի 17-ին քննիչները ձերբակալել էին հինգ կասկածյալի, այդ թվում` ենթադրյալ պատվիրատու, Մերձմոսկվայի բնակարային գծով նախկին  փոխնախարար Եվգենի Խարիտոնովին: Նրանց անձի առեւանգման մեղադրանք են ներկայացրել: Հինգ մեղադրյալներն էլ դատարանի որոշմամբ կալանաավորվել են: ՌԴ ՔԿ-ն հայտնել է Մերձմոսկվայի եւս երեք բնակչի ձերբակալման մասին, որոնց կասկածում են Միխայիլ Պախոմովից 400 հազար ռուբլի գողանալու համար, գրում է lenta.ru-ն:

Ըստ պաշտոնական կենսագրության` Միխայիլ Պախոմովը 2003թ.-ից  «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է: 2011թ. Պետդումայի ընտրություններում նա ընդգրկվել էր կուսակցական ցուցակում: