Վինձորյան պալատում կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը Արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արքայազն Չարլզի և Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երևան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը և դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի և մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաևայի մասնակցությամբ: «Երևան`իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարևոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին: Արքայազն Չարլզի կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել են նաեւ աշխարհի տարբեր գաղթօջախներից այդ առիթով Լոնդոն ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներ:

Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաեւ իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը: «Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները և հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը»,- նշել է Սերժ Սարգսյանը: