Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց նախագահի ընտրություններում: Տեր-Պետրոսյանը ժամանեց 9/11 ընտրատեղամաս, որտեղ ավելի վաղ քվեարկել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):
Առաջին նախագահի խոսքով, ինքը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Տեր-Պետրոսյանը նշել է, թե միշտ էլ մեծ ակնկալիքներ է ունեցել ընտրություններից:
Հարցին, թե 7 թեկնածուներից ում օգտին կքվեարկեր, նա նշեց. «Մեծ սիրով կքվեարկեի բոլոր 7 թեկնածուների համար, բայց օրենքը թույլ չի տալիս»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կոչը` քվեաթերթիկներն անվավեր դարձնելու մասին, Տեր-Պետրոսյանը նշեց . «Դա իրենց իրավունքն է: Ես կողմ եմ նրան, ինչ չի արգելվում օրենքով»:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























