Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե անձնագրերում քվեարկությունից հետո դրված կնիքները կարելի է հանել թաց անձեռոցիկի կամ թաց մատի թեթեւակի հպումով:
«Արդյունքում կարելի է նստել, ամենատարբեր ձեւերով փորձարկել: Ես քվեարկել, եկել եմ, որեւէ կերպ չի անդրադառնում: Եթե պետք է տարբեր փորձարկումներ անեն անձնագրի մեջ, դա անընկալելի երեւույթ է»,- նշեց Մուկուչյանը:
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ կնիքը կարող է ջնջվել այդ եղանակով, Մուկուչյանը պատասխանեց. «Միշտ էլ կարելի է գտնել ինչ-որ նյութ եւ ջնջել: Գոյություն ունեն նյութեր, որոնք շորի վրայից են հանում թանաքանյութը»:
Դիտարկմանը, թե կոնկրետ նշվում է, որ մատի թրջած մեկ հպումով կամ անձեռոցիկով են հանում, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իր անձնագրից նույն ձեւով դուրս չի եկել. «Ես իմ անձնագրի վրա եմ փորձել իրենց ասած թեթեւ հպումը եւ կնիքը չի անհետացել»:
Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի պնդումներից հետո նույն փորձարկումն արեցինք NEWS.am-ի` արդեն ընտրություններին քվեարկած թղթակիցներից երկուսի անձնագրերում: Թրջած մատով թեթեւակի հպման արդյունքում երկու անձնագրում էլ վայրկենապես անհետացան դրված կնիքները` առանց անձնագրի վրա որեւէ հետք թողնելու:




























