Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գոհ է Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերություններից եւ ռադիոընկերություններից, որոնք  նախընտրական քարոզարշավի ընթացքում աշխատել են օրենքի պահանջին համապատասխան: Այդ մասին այսօր` փետրվարի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

«Հեռուստաընկերություններն իրացրին նաեւ օրենսդրությամբ իրենց վրա չդրված պարտավորություններ` կամավոր հիմունքներով շրջանառեցին ԿԸՀ-ի եւ միջազգային կազմակերպությունների կողմից պատրաստված սոցիալական հոլովակները»,- նշեց Ամալյանն ու հավելեց, թե անկախ լրատվամիջոցի կողմից եթերաժամ տրամադրելու ծավալից, ողջ լրատվական դատն ակտիվորեն մասնակցել է նախընտրական գործընթացներին:

Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: