Լիպեցկի քաղխորհրդի պատգամավոր Միխայիլ Պախոմովին, որի մարմինը հայտնաբերվել էր ցեմենտի տակառում, մահից առաջ ծեծել եւ տանջել են:

Life News-ը հայտնում է, որ պատգամավորի մարմինը ծածկված է եղել կապտուկներով, քերծվածքներով, արնազեղումներով, իսկ դեմքը խիստ այլանդակված է եղել, ինչից էլ քննիչները ենթադրել են, որ մահից առաջ պատգամավորին դաժանաբար տանջել են:

ՆԳՆ Լիպեցկի մարզի վարչությունում կայացած ճեպազրույցում հաստատվել են սպանության դրդապատճառի նախնական տվյալները:

 «Դատելով կատարողների ցուցմունքներից` կարող ենք ասել, որ շահադիտական դրդապատճառով է, մասնավորապես` դա Պախոմովի պարտքն է պատվիրատուին», - ասված է ՌԴ Լիպեցկի մարզի ՔԿՔՎ պետի տեղակալ Սերգեյ Սելիշեւի հայտարարությունում, որը տեղակայված է շրջանային ՆԳՆՎ շրջանային կայքում:

Հիշեցնենք, Միխայիլ Պախոմովին առեւանգել էին փետրվարի  12-ին, մեկշաբաթյա որոնումներից հետո նրան գտել էին Նոգինսկի շրջանի Օբուխովո ավանի մասնավոր ավտոտնակի նկուղում` ցեմենտի մետաղական տակառում փակված:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը պատգամավորի սպանության 12 կասկածյալի է ձերբակալել:

Քննիչներն արդեն վարկած են հրապարակել, համաձայն որի Լիպեցկի պատգամավորը առեւանգվել եւ սպանվել է Մոսկվայի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսության նախկին փոխնախարար Եվգենի Խարիտոնովի պատվերով:

Կասկածյալին բռնել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: Եվս  11 մարդ է ձերբակալվել, դատարանն արդեն արտոնել է նրանցից վեցի կալանքը: