Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը թեեւ մեծ նշանակություն ունի երկրի համար, «բայց ոչ այնքան, որ դրա համար զոհի Կիպրոսը»: Նման հայտարարությամբ է հանդես եկել պետնախարար եւ ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշը՝ մեկնաբանելով Եվրախորհրդի Գլխավոր ասամբլեայի՝ Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցը:

Ինչպես հայտարարել է Բաղըշը, զեկույցի տեքստում դրական արտահայտություններ կան, որոնք վերաբերում են Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելուն: Միեւնույն ժամանակ նա քննադատության է ենթարկել զեկույցի այն հատվածը, որը նվիրված է կիպրոսյան խնդրին:

Նա ընդգծել է, որ Թուրքիան դիտարկում է կիպրական հարցը որպես ազգային խնդիր:

Թուրքիայի զինծառայողները, պետնախարարի խոսքով,պահպանում են խաղաղությունը կղզում: Բաղըշը նշել է, որ Թուրքիան մտադիր չէ զորքերը հանել կղզուց:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանն իր զեկույցում Թուրքիայից պահանջել է հանել իր զավթիչ զորքերը Կիպրոսից, եւ նշել, որ «չհանելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա ԵՄ-ի հետ»: