Իրանի ընդդիմադիր առաջնորդներն իրենց աջակիցներին կոչ են արել իշխանության դեմ բողոքի ակցիա անցկացնել Իրանի Իսլամական հեղափոխության 31-րդ տարելիցի նախօրեին: Սրան ի պատասխան, իշխանությունները զգուշացրել են, թե անվտանգության մարմինները պատրաստ են կանխելու եւ ճնշելու հակաիշխանական ցանկացած ակցիա:
Իրանի ոստիկանապետ Ահմադի Մողադամը փետրվարի 10-ին հայտարարել է, որ տոնական հանդիսությունները խափանելուն ուղղված գործունեություն ծավալելու կասկածանքով մի քանի մարդ արդեն ձերբակալվել է։
Իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ՄԱԿ-ին ուղղված իր բաց նամակում զգուշացրել է, որ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու Իրանի իշխանությունների մտադրությունը կարող է աղետալի վախճան ունենալ: Շիրին Էբադին մտահոգություն է հայտնել, որ երկրում աճող սոցիալական հուզումները կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը, ոչ միայն Իրանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Նոբելյան մրցանակակիրը հորդորել է ՄԱԿ-ին՝ Իրանի հարցով հատուկ հետազոտություն կատարել: Իրանի իսլամական հեղափոխության տարելիցը նշվում է փետրվարի 11-ին:
Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստվում է փետրվարի 15-ին հրապարակել Իրանում մարդու իրավունքների նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ զեկույցը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























