Ասոցացման համաձայնագրի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական եւ ռազմատեխնիկական հարաբերությունների գոյություն ունեցող ձեւաչափի միջեւ հակասություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քազաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի առջեւ տվյալ պահին, իսկապես, Ասոցացման համաձայնագրերի պատրաստման ու ստորագրման գործընթացն է: «Հայաստանը կամ-կամի խնդիր չի դնում եւ կձգտի Մաքսային միության եւ Ասոցացված անդամության շրջանակում դնել այնպիսի պարտավորություններ եւ ունենալ համաձայնագրի այնպիսի ձեւաչափ, որոնք միմյանց չեն հակասի: Այսինքն, Հայաստանի համար դրված է ոչ թե կամ-կամի, այլ եւ-եւ-ի խնդիր»,-հայտարարեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ` ինչպես Մոսկվայից, այնպես էլ Բրյուսելից ստացվող մեկնաբանությունները ցույց են տալիս, որ նրանց կողմից լիովին ընդունվում Հայաստանի բավականին փաստարկված դիրքորոշումը: «Ակնհայտ է, որ Մաքսային միության դեպքում օբյեկտիվ խնդիրներն աշխարհագրական առումով են, սակայն միաժամանակ Հայաստնի համար ռազամաստրատեգիական անվտանգության առումով առավել նախընտրելի է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում եւ երկկողմ հարաբերությունների մակարդակով»,-ընդգծեց Սեգեյ Մինասյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ ԵՄ-ում ասոցացված անդամությունը Հայաստանին կարող է ֆինանսական եւ տնտեսական առումով ռեսուրսներ տալ, որոնք ոչ միշտ եւ ոչ ամբողջությամբ հնարավոր կլինի ապահովել Մաքսային միության շրջանակում: «Դա քաղաքականություն է, որը տեղավորվում է կոմպլեմենտարիզմի ավելի լայն քաղաքականության շրջանակում, որը Հայաստանն իրականացնում է արդեն երկու տասնամյակ»,-նշեց նա` ավելացնելով, որ տարեվերջին մենք կունենանք ԵՄ ասոցացված անդամության կարգավիճակ, որը թույլ չի տա Հայաստանին սպառնալիքի տակ դնել ռազմաստրատեգիական համագործակցությունը եւ Ռուսաստանի հետ քաղաքական փոխգործակցությունը:




























