Ժողովրդավարական ընտրությունների պարագայում չկան պարտվողներ. հաղթել ենք մենք բոլորս եւ առաջին հերթին Հայաստանի հասարակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ կենտրոնական շտաբում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայատարարությանը, թե ինքը չի հաղթել եւ Սերժն էլ չի պարտվել, այլ հաղթել է ժողովուրդը` արտահայտելով իր կամքն ընտրությունների ժամանակ:
«Հայաստանի հասարակության հաղթելու հետ մեկտեղ այդ հասարակությունը իր հաղթական ձայնը տվել է գործող նախագահին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ մեծապես իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: «Կարծում եմ այս ընտրությունները կարող են հավակնել լինել լավագույնը մեր նորագույն պատմության ընթացքում, ուստի, այո, հաղթել է Հայաստանի հասարակությունը: Բայց Հայաստանի հասարակության հաղթելու հետ մեղտեղ այդ հասարակությունն իր հաղթական ձայնը տվել է գործող նախագահին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընտրությունների ավարտից հետո լրագրողներին հայտարարել էր հետեւյալը. «Հայաստանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը եւ դա հայտնի է բոլորին: Րաֆֆին չի հաղթել եւ Սերժն էլ չի պարտվել, այլ հաղթել է ժողովուրդն` արտահայտելով իր կամքն ընտրությունների ժամանակ: Մեր ժողովուրդն արժանի է դե յուրե ընտրված նախագահի»:




























