Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 10-ին հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար պարոն Էղվե Մողենին:

Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ տեղի ունեցած առանձնազրույցից հետո անցկացվել են պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացրել են տեսակետներ տարածաշրջանային, եվրոպական եւ միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ, անդրադարձել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքներին, համագործակցության հեռանկարներին: ՀՀ պաշտպանության նախարարը հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերոջը՝ պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Բանակցություններից հետո երկու պետությունների պաշտպանության նախարարները ստորագրել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ծավալման համար:

Սեյրան Օհանյանը երեկ այցելել է նաեւ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար, որտեղ հանդիպել է հոգեւորականներին եւ ֆրանսահայության ներկայացուցիչներին, ապա ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին: