Փետրվարի 10-ի երեկոյան Ստամբուլ է ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Ստամբուլի օդանավակայանում Թուրքիայի հայկական համայնքի համապատրիարքի թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդին դիմավորել են Ստամբուլի հայ հոգեւորականները եւ ուղեկցել են պատրիարքարան։
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանի հանդիպումը եպիսկոպոս Չուլջյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են համապատրիարքի առաջիկա ընտրության հետ կապված հարցեր եւ կարեւորել են նախընտրական գործընթացը խաղաղության մեջ անցկացնելը։
Նշենք, որ համապատրիարքի ընտրության հետ կապված լուրջ անհանգստություններ կան Ստամբուլի հայ համայնքում։
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով 2009 թվականի մարտի 2-ին որոշում է կայացվել ընտրելու աթոռակից պատրիարք։
Դեկտեմբերի սկզբին արք. Աթեշյանը պատրիարքարանի ներկայացուցիչների հետ այցելեց Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ հանձնեց համապատրիարքի ընտրություններ անցկացնելու դիմումը։ Այնուհետ կազմավորվեց համապատրիարքի ընտրության Նախաձեռնող խումբ։ Անհարթությունն այն է, որ Նախաձեռնող խումբը, իր հերթին, առանձին դիմել է Ստամբուլի նահանգապետարան, բայց ոչ թե համապատրիարք՝ այլ պատրիարք ընտրելու թույլտվության համար։




























