Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխան նամակ է հղել Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանին, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Ձերդ գերազանցություն, թանկագին բարեկամ,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային սահմանով անցնելիս Ձեր կողմից քաղաքավարական ուղերձի համար եւ իմ կողմից պատասխան ողջույններ եմ հղում Ձեզ եւ հայ ժողովրդին։
Ձեր ուղերձի մեջ արված դատողությունները գոհունակությամբ եմ ընդունում։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ ջանքերը հակամարտություններով առկա մեր տարածաշրջանում նոր մի խաղաղության հույս են ծնել, որին աշխարհը իրավապես տեղին հետաքրքրությամբ է հետեւում։ Ես կիսում եմ այդ տեսակետը։ Անհրաժեշտ է մեր ժողովուրդների միջեւ երկար ժամանակ՝ առկա նախապաշարմունքները հաղթահարելու եւ փոխադարձ ըմբռնումը եւ վստահությունը վերականգնելու համար։ Սրանք մեր երկրների հարբերությունների կարգավորման գործընթացին աջակցող գլխավոր գործոններն են։ Անհրաժեշտ է, որ չկասկածեք մեր վճռականությանը այս գործընթացում, քանի դեռ առկա է փոխադարձ համաձայնություն՝ ձգտելու կարգավորել հարաբերությունները։
Համաձայն եմ Ձեր նշած այն մտքին, որ պատասխանատու ղեկավարությունը պետք է կանգնի իր խոսքի ետեւում եւ աջակցի այդ խոսքերի իրականացմանը։ Հարգելով դա, շարունակելու ենք ավելի առաջ տանել մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված փոխհամաձայնությունը։ Մենք պետք է հասկանանք, որ պատմական նշանակություն ունեցող այս գործընթացի արդյունքները կապված են երկկողմ պարտավորությունների կատարումից եւ բավարար քաղաքական խիզախությունից։
Մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար շարունակական խաղաղության, անվտանգության, բարգավաճման եւ համագործակցության ապահովումը պետք է կազմի ապագայի մեր համատեղ նպատակը։ Ես շարունակելու եմ անձամբ զբաղվել առկա գործընթացով՝ հույսով, որ մեր երկրների համար գործընթացը կհասնի համոզիչ արդյունքի։
Խնդրում եմ ընդունեք խորին հարգանքներս»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիա մեկնելիս ուղերձ էր հղել Աբդուլլահ Գյուլին, որում մասնավորապես նշել էր, թե «հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»: «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»,- նկատել էր Հայաստանի նախագահը:




























