Թուրքական euractiv կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը իր նստավայրում կազմակերպել է ճաշկերույթ Թուրքիայում Եվրամիության անդամ երկրների դեսպանների համար, որի ընթացքում անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Կիպրոսի խնդրին առնչվող բանաձեւին՝ ասել է. « Ի սեր Աստծո, այդ Եվրախորհրդարանի աչքերը կո՞ւյր են։ Այդ արդարությունը որ չեն տեսնում՝ մի օր էլ նրանց է պետք գալու»,-նշել է Էրդողանը։ Էրդողանի այդ խոսքերը խիստ զարմացրել են ճաշկերույթին ներկա գտնվող Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշին, ով չի կարողացել թաքցնել իր զարմանքը։

Ըստ թուրքական ԱԳՆ մեկնաբանության, տվյալ բանաձեւը չի արտացոլում թուրքական ջանքերը՝ Կիպրոսի խնդրի կապակցությամբ, եւ այն համարել է հիասթափեցնող բանաձեւ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը Կիպրոսի տարածքից:

Բանաձեւում, որը գնահատում է Անկարայի կողմից ԵՄ անդամակցության համար պարտավորությունների կատարումը, նաեւ կոչ է արվում ձեռնամուխ լինել կղզու թուրք վերաբնակիչների խնդրի լուծմանը եւ ապահովել ներկայումս մեկուսացած եւ անբնակ դարձած Ֆամագուստա քաղաքն իր օրինական տերերին վերադարձնելը` համաձայն 1984 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 550 բանաձեւի:

Եվրախորհրդարանականները ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան արդեն 4-րդ տարին է հրաժարվում է հետեւել ԵՄ-ի հետ մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության դրույթներին, ըստ որոնց նա համաձայնել է բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները ԵՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Կիպրոսի Հանրապետության համար:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ի վեր պատեհ ու անպատեհ առիթով «գրավյալ տարածքների» մասին ճամարտակող Էրդողանը Կիպրոսի հարցի վերստին արծարծվելու պարագայում հանկարծ «մոռացել» է իր խոսքերը ու վերջապես հիշել է արդարությունը՝ լավ գիտենալով, որ արդարությունը երկու տեսակ չի լինում։