Բրիտանացի ճանաչված մոդելյոր Ալեքսանդր Մակքուինը ինքնասպան է եղել մոր մահից երեք օր անց: 40-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գրին Պարկում գտնվող նրա բնակարանում:

Մի քանի օր առաջ դիզայները Twitter սոցիալական ցանցում հակիրճ տեղեկություն էր տեղադրել իր մոր մահվան մասին: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ նա շատ ծանր օրեր է անցկացրել:

Միեւնույն ժամանակ իրավապահները հայտարարել են, թե մահվան վերաբերյալ վերջնական դատողություններ կարվեն հերձման ժամանակ, նկատելով միաժամանակ, որ դիզայների մահը կասկածելի չեն դիտարկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Մակքուինը շատ կապված էր մոր հետ եւ նրան իր լավագույն ընկերն էր համարում:

Ալեքսանդր Մակքուինը սկսել է իր կարիերան որպես դերձակի օգնական: Նրան կարճ կտրվածքների համար անվանում էին «անգլիական նորաձեւության խուլիգան», իսկ 1996 թ. նա դարձել էր Givenchy նորաձեւության տան գլխավոր մոդելյորը: Ավելի ուշ նա իր սեփական նորաձեւության տունն էր հիմնել:

Մի քանի օրից նա Լոնդոնում ներկայացնելու էր իր նորն հավաքածուն: