Հուլիսի 24-ին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո կուղևորվի Կլինցիներ (Ռուսաստան, Բրյանսկի շրջան)՝ ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների ֆուտբոլի թիմերի միջազգային 5-րդ մրցաշարին մասնակցելու նպատակով։ Բացի հայկական թիմից, առաջնությանը կմասնակցեն նաև Վոլգոգրադի (Ռուսաստան), Մինսկի (Բելառուս), Մոսկվայի (HTB+), Վիլնյուսի (Լիտվա), Լուցկի (Ուկրաինա) և Բրյանսկի (Ռուսաստան) լրագրողական թիմեր։ Մրցումների կազմակերպիչներն են Բրյանսկի շրջանի երիտասարդական քաղաքականության, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի հարցերով կոմիտեն և Բրյանսկի ֆուտբոլի շրջանային ֆեդերացիան։
Թղթակիցների թիմերը ոչ միայն ֆուտբոլ կխաղան, այլև իրենց ուժերը կչափեն սեղանի թենիսում։ Լրագրողներին սպասում է նաև մշակութային ծրագիր։
Հայկական թիմի կազմում հանդես կգան Արմեն Պետրոսյանը (Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա), Էդուարդ Հայրապետյանը (Կենտրոն համայնքի կադաստրի մամուլի ծառայություն), Դավիթ Նազարյանը (Panarmenian.net լրատվական գործակալություն), Արամ Արոյանը («Ռեգնում» գործակալություն), Էմիլ Սարգսյանը («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ) Հովհաննես Հակոբյանը (Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա), Արման Ալավերդյանը («Մեդիամաքս» գործակալություն), Տիգրան Հովհաննիսյանը (թիմի ավագ, «7 օր» կայքի ռուսական տարբերակի խմբագիր, ԱԻՆ մամլո ծառայություն)։
Բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած նմանատիպ մրցաշարից, Հայաստանի լրագրողների ֆուտբուլի թիմը 1999 թվականից մասնակցել է ԱՊՀ երկրների լրագրողների թիմերի բոլոր առաջնություններին, որոնք անց են կացվել Սանկտ-Պետերբուրգում, Քիշնևում, Երևանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում և Ստեփանակերտում, այդ ընթացքում մեկ անգամ դառնալով չեմպիոն և երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր։ 2001 թվականից Հայաստանի թիմին հովանավորում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ անցած տարվանից թիմը գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:




























