Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը՝ հանդիպելով Թուրքիայի կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ, նշել է, որ նրանք են Թուրքիայի պատմության հարստությունը։
Կազմակերպված ճաշկերույթին ներկա են եղել հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, հրեական համայնքի ղեկավար Սիլվիո Օվադյան, Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանը եւ այլ համայնքերի ներկայացուցիչներ։
Պետնախարար Բաղըշը, կարեւորելով կրոնական համայնքերի ներկայությունը, ասել է. «Մեր նպատակն է, որ կրոնական ազատություններ լինեն եւ ապահովված լինի հանդուրժողականության մթնոլորտ։ Մենք հավատում ենք, որ մեր հասարակության ամեն մի հատվածի խնդիրները եւ կարիքները պետք է գիտակցենք եւ այդ ուղղությամբ լուծումներ գտնելու համար երկխոսությունը կարեւորենք։ Մեր տարբեր կրոնական համայնքերի եւ խմբերի հետ երկխոսություն ստեղծելով՝ նրանց խնդիրները ավելի մոտիկից կլսենք, եւ դրանք լուծելու ուղղությամբ մեր ջանքերը շարունակելու ենք»,- նշել է Էգեմեն Բաղըշը։




























