Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ զանգվածային կիբերհարձակման է ենթարկվելու: Դա ռազմական խաղի մի մասն է, որի նպատակն է ստուգել նման սպառնալիքների ժամանակ ազգային ենթակառուցվածքների ունակությունը: Ինչպես այդ մասին հաղորդում է xakep.ru-ն, վարժանքները, որ ստացել են Cyber Shockwave գաղտնի անվանումը, պետք է պետական եւ մասնավոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա լայնամասշտաբ հարձակումների պատրանք ստեղծեն: Գործողությունն իրականացնելու է Bipartisan Policy Center քաղաքագիտական ինստիտուտը:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ ներքին անվտանգության նախկին նախարար Մայքլ Չերտոֆն ու ԿՀՎ նախկին փոխտնօրեն Ջոն Մաքլաֆլինը կատարելու են կառավարության վերին ղեկավարության դերը՝ Վաշինգտոնում հատուկ կառուցված Սպիտակ տան Իրավիճակային սենյակի մանրակերտում:
Վարժանքների ժամանակ ստուգվելու է կիբերհարձակումների դեպքում կառավարման համակարգերի աշխատունակությունը:
Վարժանքներն անցնելու են բաց ձեւաչափով, ինչը բավական անսովոր է նման միջոցառումների համար:




























