«Փա'ռք աշխատանքին». այս կարգախոսը հիմա ավելի դժվար է գտնել, քան կապույտ թռչունը: Այդ վերջին «փառք»-երից մեկը պահպանվել է Աշտարակ տանող մայրուղու վրա` դեղինի վրա կարմիր տառերով:

Գյուղում, որի անունը մենք չենք նշի, ընտրատարածքում  «տերեր» եւ «հարգելիներ» չկան. բոլորը միմյանց գիտեն դեռ մանկությունից: Կողմնակի անձանց համար, իհարկե, «պարոն հանձնաժողովի նախագահ» եւ «պարոն փոխգյուղապետ», իսկ իրար մեջ` տարեկիցներ, ովքեր իրար գիտեն դպրոցից:  Հիմա նրանք ունեն ընտանիք, երեխաներ: Աշխատանք:

Գրեթե յուրաքանչյուրն ունի դա. հանրապետականը` փոխգյուղապետ է, «Օրինաց երկրից» հանաձնաժողովի նախագահը` աշխատում է  «Հայռուսգազարդում», դաշնակցականը ինքնազբաղված է , իսկ «Ժառանգության»  եւ ՀԱԿ-ի անդամներն էլ  ուսուցիչներն են: Եւս մեկ ընդդիմադիր ՀՀՇ-ական տաքսու վարորդ է:

Ու թեեւ հանձնաժովի նախագահն աշխատում է ապաքաղաքական «Հայռուսգազարդում», սակայն աշխատանքը  հրաձագարան չէ, այստեղ փորձարկումենր չեն արվում:  Այդ իսկ պատճառով էլ կենտրոնացած է` քվեների հաշվարկը վերջում,  եւ հեռախոսզարանգեր ընտրատարածքային հանձանաժողովից: «Այո, այո, լսում եմ.. Այո,  520»: Կուսակցական-անկուսակցական` հաշավարկը մեկն է. աշխատել ցանկանում է յուրաքանչյուրը:

Ուղիղ ժամը ութին  տեղամաս են մտնում երեք երիտասարդներ: «Հենց նոր եկանք, հազիվ հասցրեցինք Սեւանից»: Այսինքն, 90 կմ:  Բազմակուսակցական «կազմին» դա չի հուզում, ամենաընդդիմադիրը դառնում ենք մենք ` լրագրողներս ու դիտորդները: Հարցական հայցքով մատնացույց ենք անում ժամացույցը: Ի պատասխան հանձնաժողովի նախագահը համբերատար պարզաբանում է Ընտրական օրենսգիրքը` քաղաքացիները մտնելով` կարող են քվեարկել եւ 20.01-ին. տեղական ընդդիմությունն էլ նրանց հետ չի վիճում: Ոչ ոք ոչ ոքի չի վիրավորում: Ընդհակառակը. ՀՀՇ-ականը որոշ  ժամանակ անց առաջարկում է փոխարինել հանձնաժողովի նախագահին` ձայների հաշավարկի ժամանակ. «Հոգնած կլինեք, թույլ տվեք փոխարինեմ» ասելով: Վերջինս հանգիստ գնում է ծխելու:

Հանրապետական փոխգյուղապետն արդեն սովորել է մեր ներկայությանը, պատմում է կյանքի ու կենցաղի մասին: ՀՀՇ-ական տաքսիստը նույնպես, պարզվում է, ուսանող է եղել, ավարտել է Իվանովսկի  թեթեւ արդյունաբերության ինստիտուտը... Եւ սկսում են միասին վերհիշել ուսանողական տարիների, ԽՍՀՄ-ով այեցելությունների մասին: Մնացած կուսակացական «ընդդիմախոսները» ռենեգատության մեջ չեն մեղադրի:

Կարիք էլ չկա:  Ամեն մեկն իր հիշողությունն ունի: Միայն թե աշխատանք լինի, ու դարձյալ իրենը:  Եւ որպեսզի քվեաթերթիկների «փասիանսից»  ոչ մի բան կախված չլինի: Անում ես քո գործը, լինեն ձախեր, ուլտրաաջեր:

Շա՞տ  բան են նրանք ցանկանում:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը