Չինացի կուսակցական պաշտոնյան, ով պատասխանատու է մշակույթի համար իր հայրենի Հենան նահանգի քաղաքներից մեկում, ավտոմեքենայով մտել է կինոթատրոն եւ բախվել մարդկանց բազմությանը: Միջադեպի հետեւանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Նախնական տվյալներով` Նանյան քաղաքի Կոմկուսի կենտկոմի մշակույթի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, կինոյի, տպագրության եւ հրատարակչության հարցերով քարտուղարը, փետրվարի 24-ին, ծառայողական ավտոմեքենայի ղեկին գտնվելով, շփոթել է արգելակման եւ արագություն հավաքելու ոտնակները եւ մեքենայով մտել կինոթատրոնի շենք: Այդ պահին կինոթատրոնի շենքում նշվում էր Լապտերների տոնը: Մեքենան հարվածել է 26 մարդու, որոնցից 20-ը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Սինհուան», ոստիկանությունն հետաքննություն է սկսել եւ առգրավել պաշտոնյայի ծառայողական մեքենան:

Տեղի կուսակցական եւ պետական իշխանությունները հատուկ խումբ են ստեղծել միջադեպի հանգամանքները հետաքննելու եւ միջադեպի հետեւանքները կարգավորելու համար, այդ թվում տուժածների բուժումը կազմակերպելն ու կուսակցական պաշտոնյային պատժելը: