Կարդինալ Կիտ Օ`Բրայենը՝ Մեծ Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, լքել է Սենտ Էնդրյուսի եւ Էդինբուրգի արքեպիսկոպոսի պաշտոնն այն բանից հետո, երբ մեղադրվել է 1980-ականներին երիտասարդ հոգեւորականների հանդեպ անվայել պահվածքի համար:

Ըստ փորձագետների` կարդինալի անհապաղ հրաժարականը թելադրված էր նոր Հռոմի Պապ ընտրելիս կաթոլիկ եկեղեցին նոր սադրանքներից պաշտպանելու ցանկությամբ: Սենտ Էնդրյուսի եւ Էդինբուրգի արքեպիսկոպոսը պետք է լիներ բրիտանացի միակ ներկայացուցիչը Վատիկանում: Փետրվարի 25-ին հրապարակված հայտարարությունում կարդինալը հայտնել էր, որ  այլեւս չի մասնակցի ժողովին, եւ որ Բենեդիկտոս XVI –ն ընդունել է իր հրաժարականը: Այժմ Հռոմի պապը պետք է  թեմի կառավարման համար ադմինիստրատոր նշանակի` մինչեւ նոր արքեպիսկոպոսի նշանակումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրերս հայտնի էր դարձել, որ փետրվարի սկզբին երեք հոգեւորականները Մեծ Բրիտանիայում Պապի ներկայացուցչին բողոքել էին իրենց նկատմամբ կարդինալ Օ’Բրայենի անվայել պահվածքի դեմ: Նրանց բոլոր մեղադրանքները վերաբերում են 1980-ականներին:

Նախկին հոգեւորականը պատմել է, որ 1980թ. ճեմարանական է եղել:  Կարդինալն իր նկատմամբ անվայել վարք է դրսեւորել գիշերային աղոթքից հետո: Այդ մարդը պաշտոնից հեռացել էր Կիտ Օ’Բրայենի եպիսկոպոս դառնալուց անմիջապես հետո:  Եվս մեկ բողոքի հեղինակ հայտնել էր, որ 30 տարի առաջ իրեն այցելել էր Կիտ Օ’Բայանը, եւ իրենց միջեւ  «անվայել կապ է տեղի ունեցել»: Երրորդ բողոքի հեղինակը գրում է, որ  կարդինալի անվայել պահվածքին բախվել է երեկոյան ընթրիքից հետո:  

BBC-ի թղթակից Ռոբերտ Պիգոտը նշում է, որ  Կիտ Օ’Բրայանը պատմություն կմտնի որպես հղիությունների ընդհատման, էվթանազիայի եւ միասեռականության նկատմամբ ավանդական կաթոլիկ հայցքների վառ պաշտպան: Կարդինալը հայտարարել էր, որ կաթոլիկ հոգեւորականները ցանկության դեպքում պետք է  ամուսնանալու հնարավորություն ունենան: